
Պայմանավորված համաշխարհային գլոբալ տաքացմամբ (ջերմաստիճանի հնարավոր աճի հավանական մեծությունը, 21-րդ դարի ընթացքում, կլիմայական մոդելների հիման վրա կկազմի 1,1-2,9 °C մինիմալ էմիսիայի սցենարի, և 2,4-6,4 °C մաքսիմալ էմիսիայի սցենարի համար), որի հետևանքով մթնոլորտային տեղումները նվազել են 9 տոկոսով, վերջին տարիներին մեր ջրամբարների լցվածությունը չի գերազանցում 40- 50 տոկոսը, վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների քանակը ավելացել է քսան տոկոսով, ինչի հետևանքներից հիմնականում տուժող ոլորտն է՝ գյուղատնտեսությունը: Նշված եղանակային փոփոխություններն առաջ են բերում գյուղատնտեսության վարման նոր ձևերի կիրառման և ներդրման անհրաժեշտություն, ինչի հետևանքով <<Գյումրիի սելեկցիոն կայան>> ՓԲԸ-ն սկսել է ակտիվ զբաղվել չորաերաշտադիմացկուն, հիվանդությունների նկատմամբ իմուն, բարձր բերքատու և խոնավության նկատմամբ ոչ պահանջկոտ, սելեկցիոն սորտերի ստեղծմամբ, որոնք կշրջանացվեն Հայաստանի Հանրապետության բոլոր տարածաշրջաններում։ 2020-2023թթ. Ընկերությունը գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսվարողներին կառաջարկի՝ .2020 թվականին ՝ աշնանացան ցորենի Վարս` կարմրահատ, փափուկ ցորենի սորտը, .2021 թվականին ՝ գարնանացան գարու Հայկ սորտը , որը կանգուն է, բարձր բերքատու և կարող է ծառայել նաև որպես հումք՝ գարեջրի արտադրության համար, .2023 թվականին՝ աշնանացան սպիտակահատ ցորեն՝ «Ռիմա»։ Ներկայումս պետական սորտափորձարկման մեջ են գտնվում գարնանացան գարու ՝ «Լուսինե», աշնանացան ցորենի «ԳՍԿ 95», ոսպի՝ «Անուշ», սիսեռի՝ «Մուշ» տեղական սելեկցիոն սորտերը։