
Այսօր՝ սույն թվականի հունիսի 3-ին կնքվեց լայն համագործակցության մասին պայմանագիր ՀՀ ԷՆ «Գյումրիի սելեկցիոն կայան» գիտաարտադրական ՓԲԸ-ի և ՌԴ հացահատիկի ազգային կենտրոն Պ.Պ. Լուկյանենկոյի անվան ինստիտուտի միջև: Ինստիտուտը հանդիսանում է ՌԴ և Եվրասիական տարածաշրջանում ամենամեծ և ամենահեղինակավոր գիտահետազոտական կառույցը:
Համագործակցությունը էական ազդեցություն կունենա ՀՀ գյուղատնտեսական գիտական ներուժի հզորացմանը, ապագա ագրոնոմների, սելեկցիոներների և ագրոմասնագետների գիտելիքների բարձրացմանը, ինչպես նաև ՀՀ նոր սորտերի ներդրմանը և տեղայնացմանը, որն էլ միտված կլինի ՀՀ-ում հացահատիկային մշակաբույսերի արդյունաբերության ինքնաբավության բարձրացմանը:
Պայմանագրի շրջանակներում (աշնանացան, գարնանացան ցորեն, գարնանացան գարի, տրիտիկալե) իրականացվելու են համատեղ սորտափորձարկումներ, գիտական աշխատանքներ, գիտական խորհրդակցություններ, նոր համատեղ սորտերի ստեղծմանն ուղղված աշխատանքներ, ՀՀ-ում Ինստիտուտի մշակած նոր սորտերի սորտափորձարկումներ, սերմանբուծության և արտադրություն հիմնում:
Համագործակցության ձևաչափը եռակողմ է՝ «Գյումրիի սելեկցիոն կայան» գիտաարտադրական ՓԲԸ, ՌԴ հացահատիկի ազգային կենտրոն Պ.Պ. Լուկյանենկոյի անվան ինստիտուտ և ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիր, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից և իրականացվում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ: «Կայուն Համայնքներ» ծրագիրը հանդես է գալիս որպես օժանդակ կառույց: