ՀՀ տավարաբուծության 2019-2024թթ. զարգացման» ծրագրի նպատակը ՀՀ-ում տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով տոհմային ԽԵԿ-ի մատակարարումն է, ինչը հնարավորություն կընձեռի անհայտ ծագումնաբանությամբ, վերարտադրության համար ոչ պիտանի, ցածր մթերատու կենդանիների փոխարեն նախիրները համալրել արտադրատնտեսական արժեքավոր հատկանիշներով օժտված տոհմային ԽԵԿ-ով, զարգացնել տոհմային գործը, միջցեղային տրամախաչումների միջոցով բարելավել տեղական կենդանիների մթերատվությունը, ավելացնել կաթի և մսի արտադրության ծավալները, նվազեցնել արտադրվող կաթի և մսի ինքնարժեքը՝ ներկրվող համանման արտադրանքի նկատմամբ այն դարձնելով առավել մրցունակ։

<<Գյումրիի սելեկցիոն կայան>> գիտաարտադրական ՓԲԸ-ի տոհմային անասնաբուծական ֆերմայում ի թիվս <<Հոլշտեյն>> և <<Սիմենտալ>> ցեղատեսակների, իրականացվում է նաև <<Կովկասյան գորշ>> ԽԵԿ ցեղատեսակի տոհմային բուծման աշխատանքներ: Կովկասյան գորշ տավարի ցեղ- կաթնամսատու ցեղ։ Ստացվել է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Դաղստանի տնտեսություններում՝ տեղական տավարի և շվից ցեղի տրամախաչումից։ Ցեղը հաստատվել է 1960 թ.-ին։ Կենդանիներն ունեն մարմնակազմության և մթերատվության լավ հատկանիշներ։ Հարմարված են Անդրկովկասի բնակլիմայական պայմաններին։ Թույրը՝ գորշ, մարմնակազմը՝ խիտ, ոսկրակազմը՝ ամուր։ Կովերի կենդանի զանգվածը 500-600 կգ է, ցուլերինը՝ 800-900 կգ։ Կաթնատվությունը՝ 2000-2500 կգ, իսկ տոհմային տնտեսություններում՝ 3000-4000 կգ։ Կաթի յուղայնությունը՝ 3,8-3,9%։ Սպանդային ելքը՝ 50-55%։