
2021 թվականից, «Գյումրիի սելեկցիոն կայան» գիտա-արտադրական ՓԲԸ-ում արտադրության մեջ կդրվի աշնանացան նոր՝ տեղական, սելեկցիոն սպիտակահատ, փափուկ ցորենի «Ռիմա» սորտը, որն արտոնագրվել և ստացել է օգտագործման թույլտվություն՝ համապատասխան կառույցի կողմից։ Սորտի համառոտ բնութագիրն է՝ սպիտակահատ, քիստավոր, հիվանդությունների նկատմամբ իմուն, ցրտադիմացկուն, նախատեսված է ՀՀ լեռնային և նախալեռնային գոտիների ջրդի և անջրդի պայմանների համար։ Սորտի պոտենցիալ բերքատվությունը՝ 65-75 ց/հա է, բարձր սոսնձանյութի և սպիտակուցների շնորհիվ դասվում է ուժեղ ցորենների շարքին։ Հայաստանում աճող ցորենի շատ տեսակներ և սորտեր՝ հատկապես էնդեմիկ , հանդիսանալով արժեքավոր գենոֆոնդ, ունեցան մեծ գիտական և գործնական նշանակություն և հանդիսացան ներկայումս մշակվող բազմաթիվ սորտերի նախահայրեր։ Հետևաբար, իզուր չէ, որ Հայաստանը համարվում է ցորենի բազմազանության կենտրոն և ծագման հայրենիք ։ Ունենալով աշխարհագրական և բնակլիմայական բավարար պայմաններ, հողերի բազմազանություն և այլ անհրաժեշտ ռեսուրսներ, Հայաստանն ի զորու է շարունակել առաքելությունն ու սելեկցիոն գործընթացների կիրառմամբ արդիականացնել սերմերի բազան և ստեղծել ցորենի նոր, առավել արդյունավետ սորտեր, որոնց արտադրությունը կապահովի բարձր և կայուն բերքատվություն, կխթանի սերմնաբուծության զարգացմանը և ինքնաբավության մակարդակի բարձրացմանը։