Սեղանի Ճակնդեղ Բորդո-237

Ճակնդեղը խաչաձաև փոշոտվող բույս է: Փոշոոտվում է գլխավորապես քամու և մասամբ՝ միջատների միջոցով: Ճակնդեղի բոլոր մշակովի այլատեսակները՝ սեղանի, շաքարի և կերի, հեշտությամբ խաչաձևում են իրար հետ և նրանցից յուրաքանչյուրը՝վայրի ճակնդեղի հետ: Այդ պատճառով էլ նրա սերմերը պետք է բուծել այլ սորտերի սերմնաբուծական ցանքերից 1.5-2 կմ տարածական մեկուսացման պայմաններում:
Սերմնաբողբոջների բեղմնավորումից մինչև սերմերի լրիվ հասունացումը տևում է 60-65 օր,իսկ սերմնակալները դաշտում տնկելուց մինչև սերմերի հասունացումը՝ 120-125 օր: Տարբեր սորտերի 1000 կնձիկի կշիռը 15-25 գրամ է:
Ճակնդեղն ունի փարթամ վերգետնյա զանգված, իր տերևների միջոցով ծախսում է մեծ քանակությամբ ջուր, որի պատճառով բարեխառն խոնավության պահպանումը ամբողջ վեգետացիայի շրջանում համարվում է բարձր բերք ստանալու կարևոր պայմաններից մեկը:
Ճակնդեղը ջրի առավել մեծ պահանջ է զգում հունիս,հուլիս և օգոստոս ամիսներին, երբ եղանակը չոր է և տաք: Սակայն, հողի գերխոնավությունն էլ ճակնդեղի համար վտանգավոր է, որովհետև արմատապտուղները նեխում են և հիվանդանում:
Հողի նկատմամբ ճակնդեղն այնքան էլ պահանջկոտ չէ, որի հետևանքով մշակվում է համարյա բոլոր տեսակի հողերում:
Նրա համար լավ նախորդներ են կաղամբը, վարունգը, կարտոֆիլը և շարահերկ այլ կուլտուրաներ:
Մեզ մոտ մշակվող սեղանի ճակնդեղի բոլոր սորտերն էլ ունեն զարգացման երկամյա ցիկլ:
Սեղանի ճակնդեղի արմատապտուղները լինում են բազմաձև՝տափակից մինչև երկարավուն-կոնաձև: Արտադրության մեջ առավելապես տարածված են տափակավուն և կլոր արմատապտուղ ունեցող սորտերը, որոնք աչքի են ընկնում վաղահասությամբ,բարձր ապրանքայնությամբ և համեղությամբ:
Բորդո 237 սորտի սեղանի ճակնդեղը լավագույն սորտերից է: Ստացվել է Դրիբովսկի սելեկցիոն կայանում 1928 թ.,ՍՍՀՄ-ում բոլոր հանրապետություններում ու մարզերում շրջանացվել է 1943 թ.:
Միջին վաղահաս սորտ է:
Ծլելուց մինչև արմատապտղի լրիվ կազմակերպվելը տևում է 110-115 օր: Առաջին տարում ծաղկած բույսեր տալու շատ թույլ հակում ունի: Շաքիլատերևները կանաչ են, ենթաշաքիլային ծնկիկը՝մանուշակակարմրագույն: Տերևների վարդակը կիսականգուն է: Տերևները եռանկյունա-սրտաձև է:
Տերևաթիթեղը մուգ կանաչ է, թույլ դեղնավուն երանգով, աշնանը առաջացնում է անտոցիանային երանգավորում: Տերևակոթունը մուգ վարդակարմրավուն է, տերևաջղերը՝ կարմրամանուշակագույն:
Արմատապտուղը կլոր է, համարյա գնդաձև, մուգ կարմիր, մանուշակագույն մաշկով, նուրբ և հյութալի մսով, միապաղաղ ներկված <<բորդո>> գույնի, առանց աչքի ընկնող օղակավորության: Արմատապտուղը 2/3-ից մինչև ½ մասով հողից դուրս է, որի հետևանքով բերքը ձեռքով հեշտ է հավաքվում:
Պահունակությունը բարձր է՝ հիվանդությունների նկատմամբ դիմացկուն: Չոր նյութի քանակը հասնում է 15-18-ի, շաքարներինը՝8.0-11%:
Հողի նախապատրաստումը
Մեծ նշանակություն ունի որակով կաատարած ցրտահերկը: Բոլոր դեպքերում ճակնդեղի համար պետք է կատարել խոր ցրտահերկ (25-30սմ խորությամբ):
Վաղ գարնանը հողը պետք է փոցխել, մակերեսը հարթեցնելու և խոնավությունը պահպանելու համար:Այնուհետև,ցանքից 5-7 օր առաջ կուլտիվատորներով կամ չիզելով պետք է կատարել հողի նախացանքային մշակում կամ հարկ եղած դեպքում կրկնավարում են:
Հողի պարարտացումը.
Ճակնդեղին տալ միայն հանքային պարարտանյութեր՝ հեկտարին 60-90 կգ, 90-100 կգ P2O5 և 100-120 կգ K2O: Հանքային պարարտանյութերի մի մասը հող պետք է մտցնել աշնան ցրտահերկի ժամանակ (ֆոսֆորական և կալիումական), իսկ մնացած մասը տալ սնուցումների ձևով:
Ցանքը և խնամքը. Մեկ հեկտարում ցանվում են 10-12 կգ բարձրորակ սերմ: Ցանքի լավագույն ժամկետը նախալեռնային շրջաններում պետք է համարել ապրիլի առաջին կեսը, իսկ լեռնային շրջաններում՝ ապրիլի առաջին տասնօրյակը:
Պարենային արմատապտուղների փրերը կտրում են գլխիկին հավասար, իսկ սերմացուի համար ընտրվելիք արմատապտուղների փրերը կտրելիս գլխիկի վրա պետք է թողնել տերևակոթերը՝1-1.5 սմ երկարությամբ, որպեսզի աճման կոնը և կենտրոնական աչքերը չվնասվեն:
Սեղանի ճակնդեղի մեկ հեկտարից ստացվում է 40-60տ.բերք:

Կատեգորիա

Reviews

There are no reviews yet.

Եղիր առաջինը, ով կարտահայտի իր կարծիքը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով