
ԲՈՒՅՍԵՐԸ ԼՌՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Մայիսի 12-ին «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲ Ընկերության տնօրեն Ն. Մկրտչյանը մասնակցեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տեղի ունեցած «Բույսերի պաշտպանության օր» մասնագիտական տոնին։
Պարենամթերքի, սննդամթերքի ապահովվածություն, ինքնաբավություն, անվտանգություն, մատչելիություն. սրանք խնդիրներ են որ ծառացած են աշխարհի մեծ ու փոքր, զարգացած եւ ոչ այնքան՝ երկրների առջեւ: Բոլորի՝ առանց բացառության: ՄԱԿ-ի տվյալներով տարեկան գյուղմթերքի շուրջ քառորդ մասը կորչում է վնասատուների պատճառով: Սակայն դրանց դեմ պայքարի քիմիական միջոցների չարաշահումն էլ այլ խնդիրներ է իր հետ բերում: Բույսերի պաշտպանները հենց ոսկե միջինի գիտակներն են: Երկրի համար ռազմավարական նշանակությամբ մի մասնագիտություն, որի կարեւորությունը դժվար է գերագնահատել, բայց երիտասարդ սերնդին կարծես չի հրապուրում: Ցավոք:
Հանդիսությունը մեկնարկեց ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանի, պրոռեկտորներ Հրաչյա Ծպնեցյանի եւ Մարիամ Մովսիսյանի ողջույնի խոսքերով: Տեղեկատվությունը չծանրաբեռնենք հնչեղ անուններով եւ կոչումներով, նշենք միայն, որ ի մի էին եկել երկրի լավագույն մասնագետները, գործընկերներ Հերացու անվան բժշկական համալսարանից, այլ գիտական կենտրոններից, ուսանողներ:
Տոնը նաեւ լավ առիթ էր հարգանքի տուրք մատուցելու այս մասնագիտության բոլոր երախտավորների հիշատակին, անդրադառնալու պատմության կարեւոր դրվագներին:
Արդեն ավանդույթ է դարձել, որ ռեկտոր Ուռուտյանը տոնի առթիվ շնորհակալագրեր է փոխանցում ոլորտի ակնառու մասնագետներից երկուսին: Այս տարի բարձր գնահատականի արժանացան ՍԱՏՄ-ից, կենսաբանական գ. թ. Լարիսա Սիմոնյանը, ինչպես նաեւ գ.գ.թ. Սիմոն Ասատրյանը:


