Люцерна
ԱՊԱՐԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ
Կերի կայուն բազա ստեղծելու համար բավականին մեծ նշանակություն ունի առվույտի մշակությունը: Մեր հանրապետությունում հիմնական առվույտացան գոտի է համարվում Արարատյան դաշտավայրը, սակայն այն հաջողությամբ մշակվում է նաև նախալեռնային և լեռնային շրջանների ջրովի հողերում: Շիրակի մարզի ջրովի հողատարածքներում առվույտից մեկ վեգետացիայի ընթացքում հաջողությամբ ստացվում է 3 հար:
Առվույտի խոտը հարուստ է կալցիումով և ֆոսֆորով, բազմաթիվ վիտամիններով (A,D,C,K) հատկապես կարոտինով, որոնք անհրաժեշտ են կենդանիների նորմալ սննդառության համար:
ՀՀ-ում շրջանացված է առվույտի սովորական կամ կապույտ տեսակի (Medicago sativa L.) Ապարանի տեղականը, որը ստացվել է 1958թ.:
Տնտեսապես արժեքավոր հատկանիշները
- Նախալեռնային և լեռնային շրջանների ջրովի հողատարածքներում առվույտի խոտի 3 տարիների միջին բերքը կազմում է 75-80 ց/հա: Առանձին տարիներին այդ ցուցանիշը ավելի բարձր կարող է լինել:
- Սպիտակուցային նյութերի բավականին բարձր պարունակություն` մինչև 18%:
- Հեկտարի հաշվով սերմնադաշտերից ստացվում է 3.0-ից մինչև 5.0 ց լավորակ սերմ:
- ՈՒնի բարձր ցրտադիմացկունություն:
- Բուսաբանական առանձնահատկությունները
Սովորական առվույտի արմատը իլիկաձև է, հողի մեջ թափանցում է մի քանի մետր խորությամբ: Առաջին տերևը երևալուն պես արմատների վրա սկսում են առաջանալ պալարիկներ, որոնց քանակը պայմանավորված է հողի մշակումից, ինչպես նաև ցանքերի խնամքի որակից:
Արմատավզիկը սկզբնական շրջանում գտնվում է հողից դուրս, ապա աստիճանաբար խորանում է հողի մեջ` 8-10 սմ խորությամբ: Արմատավզիկի վրա եղած բողբոջներից առաջանում են ընձյուղները: Դրանք կարող են լինել սնամեջ կամ լցված պարենքիմային բջիջներով: Միջհանգույցների թիվը տատանվում են 9-ից 20-ի միջև: Բարձրությունը լինում է 65-ից 95 սմ:
Տերեւը բարդ է, հիմնականում եռմասնյա: Միջին տերևիկի կոթունը փոքր ինչ երկար է : Տերևիկների ստորին մասը թավոտ է, երբեմն նաև վերին երեսը:
Ծաղկաբույլը ունենում է 2.0-ից 7.0 սմ երկարություն, կոմպակտ, ցանցառ, կոնաձև ողկույզ է, դուրս է գալիս տերևածոցից, յուրաքանչյուր ողկույզում լինում են 15-20 ծաղիկներ: Ծաղիիկները հիմնականում բաց մանուշակագույն են, կարող են լինել երկնագույն, բաց վարդագույն:
Պտուղը զսպանակաձև ունդ է, որոնք բաղկացած են լինում 0.5-4 գալարներից: Հասունացման ժամանակ դրանք ձեռք են բերում մուգ շագանակագույն գունավորում: Պտուղը պարունակում է 4-ից 10 սերմ, որոնք մանր են, երիկամաձև, դեղին կամ շագանակագույն, ունեն հարթ մակերես:
1000 հատիկի մասսան կազմում է 1.5-2.5 գրամ:
Ագրոտեխնիկական առանձնահատկությունները
Առվույտի մշակությունն ունի շատ կարևոր ագրոտեխնիկական նշանակություն, քանի որ այն վարելաշերտը հարստացնում է ազոտով, վեգետացիայի ընթացքում հողում թողնում է 60-70 ց/հա արմատային և բուսական մնացորդներ:
Առվույտի ցանքը պետք է կատարել լավ մշակված հողում, շերտը պետք է լինի փուխր, քանի որ սերմերը բավականին մանր են և պետք է ցանվեն մակերեսորեն (1.5-2.0սմ): Առվույտը զարգանում է երկդիմի բույսերի տիպով, այն կարելի է ցանել ոռոգման պայմաններում` գարնանը ծածկոցի տակ և ամռանը` առանց ծածկոցի` հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքից հետո: Որպեսզի ցանքը կատարվի հավասարաչափ և ոչ խորը, ցանքից առաջ անհրաժեշտ է կատարել գանում: Ցանքի նորման պետք է կազմի 8-9 մլն ծլունակ սերմ մեկ հեկտարի վրա, այսինքն` 16-24 կգ/հա, 100% տնտեսական պիտանիության դեպքում:
Որպես բարձր բերքատու մշակաբույս, առվույտը օգտագործում է մեծ քանակով N,P,K,Ca և այլն: 100 ց/հա բերքի դեպքում նա հողից վերցնում է 260կգ N, 66 կգ ֆոսֆոր, 150 կգ կալիում, 290 կգ կալցիում: Նա շատ է օգտագործում հանքային սննդառության տարրեր` արմատային համակարգի կառուցման համար:
Զարգացման սկզբնական փուլերում մեծ է պահանջը P-ի նկատմամբ, քանի որ այն նպաստում է մեծ տերևային զանգվածի առաջացմանը:
Ցանքերի խնամքի աշխատանքները նպատակաուղղված են այն բանին, որպեսզի առաջին տարում ստացվեն համերաշխ ծիլեր և պայմաններ ստեղծվեն արդյունավետ խոտադաշտի ձևավորման համար:
Ցանքից հետո դաշտը գլանվում է: Սկզբնական շրջանում բույսերը թույլ են զարգանում, ուստի պետք է կազմակերպել պայքար մոլախոտերի դեմ: Ցանքի տարում անհրաժեշտ է հողի խոնավությունը պահպանել որոշակի սահմաններում:
Վերջին հունձը կատարվում է կայուն ցրտեր հաստատվելուց 20-25 օր առաջ, որպեսզի նա կարողանա վերաճել և կուտակել որոշակի քանակությամբ պահեստային սննդատարրեր: Բույսերն այդ դեպքում լավ են ձմեռում:
Ենթացանքում գտնվող առվույտի խնամքը սկսում են ծածկոց հանդիսացող մշակաբույսի բերքահավաքից հետո: Դաշտում չպետք է թողնվի ծղոտ, որպեսզի թույլ բույսերը չզրկվեն լույսից: Դաշտը անհրաժեշտ է փոցխել, իսկ առվույտի վերաճը ապահովելու նպատակով անհրաժեշտ է այն սնուցել ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերով (30-45կգ/հա ա.ն.հ.), այնուհետև ջրել 700-800մ3/հա ոռոգման նորմայով:
Խոզանացան առվույտը ցանքի տարում ունի կարճացած վեգետացիոն ժամանակահատված, ուստի ստացված ծիլերի լավ զարգացումն ապահովելու նպատակով առաջին ոռոգումը կատարում են ծլելուց 20-25 օր հետո, երբ առաջանում են 6-8 եռամաս տերևներ և բույսերը լավ արմատակալում են: Ամառային խոզանացան առվույտին անպայման պետք է տրվի հիմնական կամ ցանքին զուգընթաց պարարտացում:
Կյանքի երկրորդ և հաջորդ տարիներին, առվույտի խնամքի աշխատանքները վաղ գարնանը սկսում են սնուցումներից: Փոցխումը կատարվում է ծանր փոցխերով` ցանքերի շարքերին հակառակ ուղղությամբ, 2 հետքով, իսկ խոզանացան առվույտի ցանքերը փոցխում են թեթև փոցխերով` մեկ հետքով: Յուրաքանչյուր հարից հետո համատարած ցանքերը փոցխում են: Դա նպաստում է օդի և խոնավության լավ ներթափանցմանը հողի մեջ:
Խոտի նպատակով առվույտը պետք է հնձվի ծաղկման սկզբում, կյանքի առաջին տարում, իսկ մյուս տարիներին` կոկոնակալման փուլում:
Отзывы
Отзывов пока нет.